Թրթռամարիչ կամ փոքր բայց կարևոր լրացում
Երկար ժամանակ չգրելուց հետո որոշեցի բլոգի աշխատանքները վերսկսել մի շատ փոքրիկ բայց կարևոր լրացման մասին պատմելով: Խոսքը թրթռամարիչի կամ տատանամարիչի մասին է, ռուսերեն` виброгаситель, որը պատկերված է նկարում:
Եվ այսպես, ինչի համար են նախատեսված թրթռամարիչները? Բառն ինքն իրենով արդեն ասում է` մարել թրթիռը, վիբրացիան: Հիմա հասկանանք թե ինչ վիբրացիայի մասին է խոսքը:
Չնայած որ խաղի ընթացքում բուն հարվածը` գնդակի հպումը գնդաթիին տևում է վայրկյանի տասերորդականի չափ, այնուամենայնիվ հարվածելիս առաջանում են բավականին ուժգին տատանումներ: Այդ տատանումները կարող են վնասել դաստակը և ինչու չէ, ամբողջ ձեռքը, դրա համար հարկավոր է այդ տատանումները “մարել”: Իհարկե ժամանակակից գնդաթիների կառուցվածքը այնպիսին է, որ բռնակի կառուցվածքը իր վրա է վերցնում տատանումների մարման մեծ մասը: Բայց շատ դեպքերում կարիք է լինում “օգնել” այդ գործին:
Բացի մեխանիկական տատանումներից թրթռամարիչը “մարում” է նաև ձայնային տատանումները: Երբ հարվածում են առանց թրթռամարիչի գնդաթիով լարերի տատանումը առաջ է բերում “զնգոց”, որը շատ տհաճ և ազդում է նյարդերի վրա:
Թրթռամարիչի առկայությունը ապահովում է այն “թխկոցը” որը մենք լսում ենք թենիս դիտելուց կամ խաղալուց:
Հիշում եմ մի դեպք, երբ մարզումներիցս մեկի ընթացքում փորձեցի “պահել” մարզիչիս հարվածը ու ուժեղ վիբրացիան ստիպեց ձեռքիցս վայր գցել գնդաթին: Դա պատահեց երկու պատճառով` պատրաստ չէի նման ուժգնությամբ հարվածի ու գնդաթիիս վրա չկար թրթռամարիչ ![]()
Իսկ հիմա փորձենք հասկանալ թե ինչպես են տեղադրում թրթռամարիչը գնդաթիի վրա: Հնարավոր է տեղադրելու երկու տարերակ: Մեկը իմ գնդաթիի օրինակով եմ ներկայացնում` ուղիղ մեջտեղում, ներքևի հորիզոնական լարից վերև: Այսպես եմ տեղադրել, որովհետև գնդաթիիս գլխիկը ստանդարտից մի քիչ մեծ, ու որովհետև այսպես ավելի ուշ եմ կորցնում թրթռամարիչը, որը հարվածելիս կարող է դուրս գալ գնդաթիի վրայից: Հնարավոր է նաև թրթռամարիչը տեղադրել մինչև վերջին հորիզոնական լարը: Ավելի մանրամասն կտեսնեք կից նկարներում:
Ինչ վերաբերվում է թրթռամարիչի ընտրությանը, պետք է փորձեք մի քանի տարբերակ և գտնեք ձեզ հարմարը: Ինձ օրինակ հարմար են ճկուն ռետինյա թրթռամարիչները, իսկ ոմանք նախընտրում են կոշտերը:


















Հետաքրքիր էր, չգիտեի որ նման բան գոյություն ունի
Ցերեկը հորինածս բառը դուրս եկավ, գցենք էստեղ`պատմություն դառնա

© «Ցնցարգել»